ՎԱՀՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպը»

Posted by Արքմենիկ on 04.02.2016
image
“Ռադոբիս” վեպը 1988-ին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած եգիպտացի գրող Նաջիբ Մահֆուզի առաջին շրջանի ստեղծագործություններից է` լույս տեսած դեռեւս 1943-ին: Վեպը պատմում է մեզանից մոտ չորս հազարամյակ առաջ կառավարած Եգիպտոսի Մերենրա 2-րդ փարավոնի ժամանակների մասին եւ որոշակի արխայիկ կոլորիտի ու ներքաղաքական համակարգի պատկերման շնորհիվ պատմավեպ է համարվել: Վեպի գլխավոր առանձնահատկություններից մյուսն էլ այն է, որ վեպը հյուսվում է պատմական փաստերի “խեղաթյուրման” միջոցով: Մահֆուզը ֆիքսում է վիպական գործողությունների ժամանակը, բայց այդ ժամանակը նշանավորած դեմքերի ու դեպքերի պատմականությունից չի կառչում: Նա պատմությունից վերցնում է այլաշխարհի լեզուն (լայն առումով), որն իրեն թույլ կտար հորինելու այդ այլաշխարհի մեկ այլ` ոչ պատմական, գուցե` հեքիաթային ճշմարտությունը: “Ռադոբիս”-ը արեւելյան սիրավեպ է, ուր հեքիաթը հաղթում է պատմությանը, որովհետեւ հեռավոր անցյալը ավելի շատ զգացողությամբ է ընթերցվում, քան` մտքով, արդյունքը հաստատապես գեղեցիկ է եւ ոչ անպայման` ճշգրիտ:

Վեպի գործողությունները ծավալվում են մայրաքաղաք Աբուում, իրադարձությունները սկսվում են Նեղոսի ամենամյա տոնախմբության նկարագրությամբ եւ ձգվում մինչեւ հաջորդ տարվա նույն տոնակատարության օրերը, այսինքն` ժամանակային առումով ուղիղ մեկ տարի է ընդգրկում վիպական սյուժեն: Սա շատ կարեւոր գործոն է վեպի ներքին տրամաբանությունը որսալու առումով. քանի որ ընթացիկ պատմական ժամանակը հեքիաթայնացված է, մեկ տարին մի ամբողջ կյանքի համարժեքն է դառնում, գոնե վեպի երկու գլխավոր կերպարների` փարավոնի եւ Ռադոբիսի համար: Մերենրա 2-րդը նոր է գահ բարձրացել, Ռադոբիսը արդեն մեծ փառքի ու հարստության հասած պարուհի է (կուրտիզանուհի), ում գեղեցկությամբ շլացած են երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան այրերը, ովքեր պատրաստ են ամեն ինչ զոհել նրա կողքին գտնվելու համար: Բայց երբ խորհրդանշական հանգամանքներում կայանում է այս երկուսի հանդիպումը, ինչը նշանավորվում է բուռն սիրավեպի ծնունդով, երկուսն էլ ընդունում են, որ իրենց հանդիպումից առաջ նրանց կյանքերը լիարժեք չեն եղել` լեցուն միայն անսեր ճոխություններով ու վայելքներով: Իսկ քանի որ գործ ունենք զուտ սիրային պատումի հետ, ապա հենց սիրավեպի սկիզբն ու հանգուցալուծումն են ձեւակերպում վիպական ժամանակը:

Եթե դիտարկենք վեպը Բախտինի նկարագրած քրոնոտոպի տեսակներին բնորոշ առանձնահատկությունների համատեքստում, ապա շատ հետաքրքիր տեքստային բացատրություններ կգտնենք: Նախ վեպի պարզ, հաճախ սենտիմետալ սիրային պատմության գիծը ամբողջովին տեղավորվում է հունական ռոմանսներին բնորոշ օրինաչափությունների մեջ: Վեպի գլխավոր հերոսների հանդիպման հիմքը դառնում է պատահականությունը` չնայած դրան ինչ-որ միֆական բացատրություն է տրվում տեքստում (արծիվը գողանում է ջրում լողացող գեղեցկուհի Ռադոբիսի ոսկե սանդալը եւ նետում այն իր պալատում խորհրդակցություն անցկացնող փարավոնի ձեռքերի մեջ): Սիրային պատմության գլխավոր առանձնահատկությունը զույգի միջեւ ներքին հակասությունների իսպառ բացակայությունն է. փարավոնն ու Ռադոբիսը երբեք չեն կասկածում միմյանց, նրանց առաջին հանդիպումից մինչեւ վերջինը զգացմունքների որեւէ տատանում չի նշմարվում, երկուսն էլ որեւէ զարգացում չեն ապրում որպես սիրահարներ: Սիրային զույգի միակ կոնֆլիկտը իրենց հարաբերություններից դուրս գտնվող “արտաքին” աշխարհի հետ է: Գործ ունենք սիրային կատարյալ ու անփոփոխ իդիլիայի հետ, երբ ժամանակը որեւէ ազդեցության գործակից չունի այնքան ժամանակ, քանի դեռ սիրային հարաբերությունների ընթացքին է վերաբերում, եւ գործոն է դառնում միայն այն դեպքում, երբ այդ հարաբերությունները բախվում են իրական, այս դեպքում` արտաքին ժամանակի հետ:

Նույնքան չեզոք է նաեւ վիպական հիմնական գործողությունների տարածություն Աբու քաղաքը, այն մեծապես դեկորատիվ է իր բնույթով, ավելի շատ բեմ է հիշեցնում` իր տարբեր տեսարանների համար նախատեսված անկյուններով` արքայական նստավայր, Ռադոբիսի պալատ, հրապարակ եւ այլն: Վեպի սյուժեի վրա ազդեցություն ունեցող գրեթե բոլոր գործողությունները տեղի են ունենում բեմական քաղաքից դուրս (եկեք դրանք կոչենք կուլիսային քաղաքներ), իսկ բուն քաղաքում խաղարկվում է հիմնականում Նեղոսի տոնակատարությունն ու սիրային պատումը:

Հետաքրքիր են նաեւ տարբեր կերպարների գործառույթները վեպում: Ընդունեցինք, որ գործ ունենք սիրային պատումի հետ` իր երկու կարեւոր դերակատարներով: Ո՞րն է մյուս կերպարների դերը այս հանգույցում, եթե այդ երկուսը առանց նրանց էլ կարող են խաղալ սիրային կառնավալը: Մահֆուզը իր վեպի գլուխները հաճախ վերնագրում է այս կամ այն կերպարի անունով` Տահո (փարավոնին կից արքունի զորքի հրամանատարն է), Բնամոն (Ռադոբիսի պալատի նկարիչ-քանդակագործն է), Խնումհաթեբ (քրմապետն է), Իթոկրիս (թագուհին է, միեւնույն ժամանակ` փարավոնի քույրն ու կինը):

Ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ իրենց խաղացած մանր - մունր դերերի մեջ այս բոլորի գլխավոր կամ, եթե կարելի է այդպես ասել, հավաքական գործառույթը սիրային իդիլիան քանդելն է` չնայած նրանք այդ մասին իրար հետ ոչինչ չեն պայմանավորվում: Տահոն մտերիմն ու հավատարիմ զինակիցն է փարավոնի, բայց միեւնույն ժամանակ խենթի պես սիրում է Ռադոբիսին, եւ երբ գալիս է բախտորոշ պահը, մոռանում է հավատարմության մասին եւ հակառակորդ բանակին փոխանցում սիրահարների` իրեն վստահած գաղտնիքը: Բնամոնը սիրահարված է Ռադոբիսին, պատրաստ է կատարել գեղեցկուհու բոլոր քմահաճույքները, բայց սերը կուրացրել է նրան ու “գլխի չի ընկնում”, որ տիրուհու հերթական պահանջը կատարելով` վերջինիս ինքնասպանությանն է նպաստում: Խնումհաթեբը ամբողջ երկիրն է ոտքի հանում փարավոնի դեմ` իբր նրա կայացրած վճիռը չեղարկելու համար` ըստ որի քրմական դասը պետք է զրկվեր իրեն պատկանող կալվածքներից: Բայց գլխավոր բողոքի ալիքը կառուցվում է միայն այն հանգամանքի վրա, որ փարավոնը կալվածքների ողջ հարստությունը ծախսում է իր սիրելի Ռադոբիսի վրա: Իթոկրիսն էլ եղբայր-ամուսնուն խանդելով է պայմանավորում իր քայլերի տրամաբանությունը, ով կարծես ունի ողջ ժողովրդի ու պալատականների սերն ու վստահությունը, բայց երկրի թագուհին լինելով՝ կորցրել է փարավոնի սրտի թագուհու տիտղոսը:

Ստացվում է, որ վեպի երկու գլխավոր կերպարները սիրային պատումի հերոսներ են, իսկ մնացած բոլորը ժամանակի պատմական-քաղաքական իրողությունների դերակատարները: Վերջիններս, կամա թե ակամա, գործիքներ են, որ պայքարում են պատմական ժամանակ ներխուժած սիրային ժամանակի դեմ, որպեսզի վերականգնեն պատմական ժամանակը: Պատահական չէ, որ վեպի դիպաշարի սիրային հանգուցալուծումից հետո նրանցից ոչ մեկի ճակատագրի մասին հեղինակը մեզ՝ ընթերցողներիս, ոչինչ էլ հարկ չի համարում պատմել: Սա նրանց պատմությունը չէ, Նաջիբ Մահֆուզը նրանց վկայողը չէ. պատմությունը՝ որպես ժամանակի դեպքերի արձանագրություն, հեղինակին այս վեպում չի էլ հետաքրքրում:

Նոբելյան իր բանախոսության ժամանակ Մահֆուզը խոսում է այն մասին, որ ինքը ծնունդ է մի քաղաքակրթության, որը երկու մեծ շրջափուլ է անցել` փարավոնյան եւ իսլամական: Խոսելով փարավոնների ժամանակի մասին` նա ասում է, որ հավաքվածներից շատերը վստահ գիտեն Ախենաթոնի, Եգիպտական բուրգերի ու Սֆինքսի մասին, բայց իր համար այդ դարաշրջանը նշանավոր է հատկապես այլ ժառանգությամբ, որը տեղ է գտել պապիրուսներից մեկում, այն մասին, թե ինչպես փարավոնը լսելով, որ իր հարեմի որոշ կանայք մեղսակցել են իր պալատի որոշ տղամարդկանց հետ, ոչ թե միանգամից սպանել է տալիս նրանց` իր իրավունքների ու ժամանակի ոգու հանգույն, այլ հրավիրում է իր մարդկանց եւ խնդրում հետաքննել դեպքերն ու զեկուցել ողջ ճշմարտությունը, որպեսզի կարողանա արդարադատ լինել իր որոշման մեջ:

Մեկ այլ` պատմական մեյնսթրիմից դուրս մնացած անհայտ պապիրուս էլ կարծես Նաջիբ Մահֆուզի “Ռադոբիս”-ն է, որը թերեւս հակապատմավեպ է իր բնույթով, եւ պատճառն այն չէ, որ վեպում բազմաթիվ պատմական անճշգրտություններ կան, այլ հենց հեղինակի ընտրած դիրքավորումը, ով հաստատապես գեղեցիկի որոնող է եւ համոզված է, որ այդ գեղեցիկը չի տրվել ու չի տրվում ճշգրիտ փաստագրման: